2 Kings 23
1 Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մոտ հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։
2 Արքան գնաց Տիրոջ տուն։ Հուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարեները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչև մեծը, նրա հետ էին։ Նրանց առաջ նա ընթերցեց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի մատյանի բոլոր խոսքերը։
3 Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։
4 Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։
5 Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Հուդայի արքաները, և որոնք բարձունքներում, Հուդայի բոլոր քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը խունկ էին ծխում, ինչպես նաև արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ողջ զորություններին խնկարկողներին։
6 Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։
7 Քանդեց Տիրոջ տան մոտ գտնվող կադեսականների տունը, որտեղ կանայք Աստարտի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։
8 Նա բոլոր քրմերին հանեց Հուդայի քաղաքներից, Գաբաայից մինչև Բերսաբեե քարուքանդ արեց բարձունքները, որտեղ քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Հեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնվող տունը։
9 Բարձունքների քրմերն այլևս Երուսաղեմում գտնվող Տիրոջ զոհասեղանին չէին մոտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում։
10 Նա քարուքանդ արեց Ենովմի որդիների ձորում գտնվող Թոփոթը, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։
11 Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մոտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մոտ գտնվող այն ձիերը, որ Հուդայի արքան նվիրել էր արեգակին. արեգակին նվիրված մարտակառքերը հրի մատնեցին։
12 Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։
13 Երուսաղեմի դիմաց՝ Մոսաթի լեռան աջ կողմում գտնվող պաշտամունքի վայրը, որ Սողոմոն արքան էր հաստատել ի պատիվ սիդովնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի և ամովնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։
14 Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց պաշտամունքային փայտե սյուները և նրանց տեղը մարդկանց ոսկորներով ծածկեց։
15 Բեթելի բարձունքում գտնվող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամը, այս բարձր զոհասեղանը ևս կործանեց. նրա քարերը ջարդուփշուր անելով՝ փոշու վերածեց, իսկ պաշտամունքի սյունը այրեց։
16 Հովսիան հայացքը շուռ տվեց ու տեսավ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրա այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Հերոբովամը տոնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մոտ։ Նա աչքերը հառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խոսել էր այս բաների մասին,
17 և ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»։ Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայի երկրից և Բեթելի այս զոհասեղանի մասին ասաց այն, ինչ դու արեցիր»։
18 Հովսիան ասաց. «Ձեռք մի՛ տվեք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ էին թաղված։
19 Բարձունքները, որոնք Իսրայելի թագավորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայելի արքա Հովսիան քանդեց և ամեն ինչ արեց այնպես, ինչպես Բեթելում էր արել։
20 Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։
21 Արքան պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու զատիկը, ինչպես որ գրված է այս ուխտի մատյանում»։
22 Իսրայելը ղեկավարող դատավորների օրերից սկսած՝ Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների օրոք նման Զատիկ չէր եղել։
23 Հովսիա արքայի թագավորության տասնութերորդ տարում Երուսաղեմում կատարեցին Տիրոջ այդ զատիկը։
24 Հովսիան վերացրեց վհուկներին, նշանագետներին, մեռելահարցուկներին, կուռքերը և Հուդայի երկրում ու Երուսաղեմում եղած ամեն տեսակ գարշությունները, որպեսզի հաստատի Օրենքի գրքի այն խոսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատյանում էին գրված։
25 Նրանից առաջ նման թագավոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զորությամբ, ըստ Մովսեսի բոլոր օրենքների, հակվեր դեպի Տերը։ Ոչ էլ նրանից հետո եղավ նրա նմանը։
26 Սակայն Մանասեի կատարած չար գործերի պատճառով Հուդայի երկրի հանդեպ Տիրոջ մեջ բորբոքված սաստիկ զայրույթը չմեղմացավ։
27 Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։
28 Հովսիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
29 Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։
30 Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը բերեց Հովսիայի որդի Հովաքազին և օծեց նրան ու նրա հոր փոխարեն թագավոր նստեցրեց։
31 Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ։ Նա երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
32 Հովաքազը չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև՝ կրկնելով իր հայրերի ամեն տեսակ վատ արարքները։
33 Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։
34 Նեքավով փարավոնը նրանց վրա թագավոր նստեցրեց Հուդայի երկրի արքա Հովսիայի որդի Եղիակիմին իր հոր՝ Հովսիայի փոխարեն. նրա անունը փոխեց և Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին առավ տարավ Եգիպտոս, որտեղ և նա մեռավ։
35 Հովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարավոնին, սակայն փարավոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրա հարկ դրեց։ Ամեն մեկն իր համար սահմանված հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր տալիս՝ Նեքավով փարավոնին տալու համար։
36 Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ելդափ էր։ Նա ռոմայեցի Հեդդելայի դուստրն էր։
37 Տիրոջ առջև նա գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։